ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից տեղեկանում ենք, որ խոշոր գումարի կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել Ծաղկաձորի հիմնական մարզական կառույցում` գլխավոր մարզահամալիրում:
Կայքը մասնավորապես նշում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ:
Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել փաստական տվյալներ 2010թ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու՝ Կառավարության քննարկմանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով ՊՓԲԸ գույքը շուկայականից 3.3 անգամ պակաս գնով օտարելու, 2010-2019թթ. ՊՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով գույքի օգտագործման դիմաց վարձավճարներ գանձելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու վերաբերյալ։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Ամբողջական հայտարարությունը` այստեղ:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: