Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Երևանի «Նաիրի» մարզադաշտում «Նոան» ընդունել էր «Ալաշկերտին»։
Հանդիպման ընթացքում «Նոան» ավելի լավ տեսք ուներ։ «Ալաշկերտին» մի քանի անգամ փրկեց դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։ Թեպետ գոլային պահերը շատ չէին, սակայն որակական առումով հանդիպումը բավականին լավ տպավորություն թողեց։
Խաղավերջում «Նոային» հաջողվեց խփել հաղթական գնդակը։ Հանդիպման 89-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը՝ ապահովելով իր թիմի հաղթանակը 1-0 հաշվով։
Այս արդյունքից հետո միանգամից երեք թիմեր ունեն 34-ական միավոր ու կիսում են 2-րդից 4-րդ տեղերը։ Այդ թիմերն են «Լոռին», «Նոան» և «Ալաշկերտը»։