Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող և երիտասարդական թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ: Այս մասին պաշտոնապես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
49-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Հատկանշական է, որ սա նախկին լեգենդար հարձակվողի առաջին մարզչական փորձն է մեծահասակների ֆուտբոլում։
«Օվիեդոն» հանդես է գալիս Իսպանիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում, և 13 տուրից հետո վաստակած 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Թիմը բարձրագույն դիվիզիոնի ուղեգրի համար մղվող պայքարի փլեյ-օֆֆի գոտուց հետ է մնում ընդամենը մեկ միավորով: Նախորդ մրցաշրջանում թիմը Լա լիգայում զբաղեցրել էր վերջին տեղն ու նահանջել Սեգունդա:
Ռաուլի նորամուտը նոր թիմի ղեկին կկայանա նոյեմբերի 14-ին. «Օվիեդոն» սեփական հարկի տակ կընդունի «Ժիրոնային»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:
Հիշեցնենք, որ Ռաուլը մարզչական կարիերան սկսել էր «Ռեալի» համակարգում 2018 թվականին և այնտեղ աշխատել մինչև 2025 թվականը: Որպես ֆուտբոլիստ՝ նա մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 1994-ից 2010 թվականներին՝ ակումբի մարզաշապիկով անցկացրած 741 խաղում դառնալով 323 գոլի հեղինակ:




























































