Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհություն է հայտնել Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի գործողություններից՝ թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի որակազրկման մասին որոշումը Չեմպիոնների լիգայի խաղից անմիջապես առաջ հրապարակելու համար։
Հռոմի «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի հանդիպման մեկնարկից առաջ՝ Movistar-ի եթերում, լրագրողը պորտուգալացի մասնագետից հետաքրքրվել է, թե արդյոք Վինիսիուսի պատժի մասին լուրը կարող է բացասաբար ազդել ֆուտբոլիստի և թիմի վրա այսօրվա խաղում։
«Եթե կոմիտեն հիմա է հրապարակել Վինիսիուսի պատժի մասին որոշումը, նշանակում է՝ նրանք կարծում են, որ դա կարող է ազդել մեզ վրա։ Հարցը պետք է ուղղել կոմիտեին․ ինչո՞ւ են նրանք այդ մասին հայտարարել հենց այս պահին։ Եվ եթե դուք ինձ տալիս եք այդ հարցը, ապա միայն այն պատճառով, որ նույնպես կարծում եք, թե դա կարող է ազդեցություն ունենալ։ Հակառակ դեպքում՝ ինձ նման հարց չէիք տա։
Ինչո՞ւ դա չանել վաղը առավոտյան, ինչո՞ւ են դա հրապարակում «Ռեալի»՝ իսպանական ակումբի համար այսքան կարևոր խաղից ընդամենը երկու ժամ առաջ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում իսպանական հեռուստաալիքը, ինչպես նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը Լա Լիգայի 8-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (1:0) ստացած կարմիր քարտի և ագրեսիվ վարքագծի համար որակազրկվել է 4 խաղով։ Բրազիլացին բաց կթողնի Իսպանիայի առաջնության՝ «Սևիլիայի» (հոկտեմբերի 18), «Բարսելոնայի» (հոկտեմբերի 25), «Ռասինգի» (նոյեմբերի 1) և «Վալենսիայի» (նոյեմբերի 7) դեմ հանդիպումները։ Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարի պատճառով նա ներքին առաջնությունում «Ռեալի» կազմում խաղադաշտ կվերադառնա ոչ շուտ, քան նոյեմբերի 22-ին՝ «Սելտայի» դեմ մրցավեճում։
























































