«Ինտեր Մայամիի» արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին հայտնի մարզական բրենդի՝ Adidas-ի «Մեսսի +10» նախագծի շրջանակում ընտրել է 10 երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք, իր կարծիքով, կդառնան համաշխարհային ֆուտբոլի հաջորդ սերնդի աստղերը։
Նախագիծը միավորում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ֆուտբոլի տաղանդների տարբեր երկրներից:
Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող այս արշավը ներկայացվել է «Հաջորդ գլուխն սկսվում է այստեղ» կարգախոսի ներքո։ Ինչպես նշում է Marca-ն, թեև սա ավելի շատ գովազդային նախագիծ է, քան պաշտոնական վարկանիշ, սակայն Մեսսիի անվան ներկայությունն անմիջապես մեծ ուշադրություն է գրավում ընտրված յուրաքանչյուր ֆուտբոլիստի նկատմամբ: Ցուցակում տեղ են գտել և՛ հայտնի եվրոպական ակադեմիաների սաներ, և՛ անակնկալ անուններ։
Ցուցակի ամենաուշագրավ ֆուտբոլիստներից է Լոնդոնի «Արսենալի» 16-ամյա հարձակվող Մաքս Դոումենը, որն արդեն հասցրել է հանդես գալ ակումբի գլխավոր թիմում։ Մեսսին ընդգրկել է նաև մեկ հայրենակցի՝ արգենտինական «Բոկա Խունիորսի» 19-ամյա կիսապաշտպան Թոմաս Արանդային: Վերջինս ակումբի կազմում արդեն 14 հանդիպում է անցկացրել և հասցրել է հրավիրվել Արգենտինայի երիտասարդական հավաքական։
Ընդհանուր առմամբ, Մեսսիի ընտրած 10 ֆուտբոլիստների ցանկն ունի հետևյալ տեսքը.
Տղամարդիկ
- Թոմաս Արանդա («Բոկա Խունիորս», Արգենտինա, 19 տարեկան)
- Մաքս Դոումեն («Արսենալ», Անգլիա, 16 տարեկան)
- Զեյվիեր Գոզո («Քրիսթալ Փելաս», ԱՄՆ, 19 տարեկան)
- Խեսուս Ռոդրիգես («Կոմո», Իսպանիա, 20 տարեկան)
- Կես Սմիթ («ԱԶ Ալկմար», Նիդերլանդներ, 20 տարեկան)
- Խիլբերտո Մորա («Տիխուանա», Մեքսիկա, 17 տարեկան)
- Ջան Ուզուն («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Թուրքիա, 20 տարեկան)
Կանայք
- Քլոե Սարվի («Չելսի», Անգլիա, 17 տարեկան)
- Ջովանա Վաքսման («Լիոն», Բրազիլիա, 17 տարեկան)
- Լոտա Վրեդե («Համբուրգ», Գերմանիա, 18 տարեկան)
Հիշեցնենք, որ նախորդ թողարկումներում Մեսսին առանձնացրել էր այնպիսի տաղանդների, ինչպիսիք են Ռիո Նգումոհան («Լիվերպուլ»), Անդրեյ Սանթոսը («Չելսի») և Կենդրի Պաեսը (նույնպես «Չելսիի» սեփականությունն է)։




























































