«Սանդերլենդի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի ավագ Գրանիտ Ջական պայմանականորեն տուգանվել է 150 հազար շվեյցարական ֆրանկով (մոտ 180 հազար դոլար)՝ COVID-19-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատ ձեռք բերելու և օգտագործելու համար:
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, հայտնի էր դարձել, որ Լյուցեռնի դատախազությունը հետաքննություն է սկսել 34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նրան նույնիսկ ազատազրկում է սպառնում, սակայն կիսապաշտպանը լիովին ընդունել էր իր մեղքն ու համագործակցել իրավապահ մարմինների հետ:
Պարզեցված դատական վարույթի արդյունքում Ջակային դատապարտել են պայմանական տուգանքի՝ 50 օրական դրույքաչափով (յուրաքանչյուրը՝ 3000 շվեյցարական ֆրանկ)՝ երկու տարի փորձաշրջանով: Դա նշանակում է, որ նշված գումարը չի գանձվի, եթե առաջիկա երկու տարիների ընթացքում ֆուտբոլիստը նոր իրավախախտում չկատարի: Դատական բոլոր ծախսերն արդեն վճարված են:
Ֆուտբոլիստն իր սոցիալական էջերում անդրադարձել է կայացված վճռին.
«Մի քանի շաբաթ առաջ ես բացահայտ հայտարարեցի, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ որոշման համար, և տեր եմ իմ խոսքին: Այն բանից հետո, երբ ես լիարժեք ցուցմունք տվեցի, դատախազությունը հրապարակեց վճիռը:
Պարզեցված վարույթով ինձ դատապարտեցին պայմանական տուգանքի՝ 50 օրական դրույքաչափով՝ երկու տարվա փորձաշրջանով: Ես ընդունում եմ այս որոշումը և լիակատար պատասխանատվություն եմ կրում իմ արարքի համար: Շնորհակալ եմ այս շաբաթների ընթացքում հնչած աջակցության խոսքերի համար. դրանք չափազանց կարևոր են ինձ համար»,- նշել է Ջական։
Հիշեցնենք, որ Գրանիտ Ջական կարիերայի ընթացքում հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում», Լևերկուզենի «Բայերում», Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» և «Բազելում»: Շվեյցարիայի ազգային ընտրանու կազմում նա մասնակցել է 152 հանդիպման և խփել 18 գոլ:




























































