Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ իսպանական ակումբից։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իտալական «Միլանը» ցանկանում է հունվարին վարձավճարով ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport պարբերականը, Էնդրիկը տվել է իր համաձայնությունը «Միլան» տեղափոխվելուն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա սերիայի գրանդն այժմ հարձակվողի համար առաջնահերթ տարբերակ է, եթե «Ռեալի» ղեկավարությունը «կանաչ լույս» վառի տրանսֆերի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով չորս րոպե։ Նրա գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։

























































