Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում անդրադարձել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններին։
Հարցին, թե արդյոք հավաքականում աշխատելու այս մեկ տարվա ծանր օրերի ընթացքում երբևէ մտածել է հրաժարական տալու մասին, մարզիչը պատասխանել է.
«Այդ հույսով էլ մնացեք, ես նոր եմ սկսել։ Եթե կան մարդիկ, որոնք նման հույս ունեն, թող կտրեն այդ հույսները։ Ես ո՛չ լեգեոներ մարզիչ եմ, ո՛չ էլ այստեղ եմ եկել գումար վաստակելու։ Հավաքականի մարզաշապիկն ու համազգեստը կրել եմ դեռ 15 տարեկանից. դա մեծ պատասխանատվություն է և իմ կյանքն է։ Ես այստեղ անելու գործ ունեմ, իսկ իմ գործը նոր է միայն սկսվում»,- պատասխանել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին վաստակած 4 միավորով զբաղեցնում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Կիպրոսի հավաքականին։
























































