Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել իսպանական Սեգունդայի 8-րդ տուրում «Կորդոբայի» դեմ կայացած արտագնա խաղում։ «Տեներիֆեն», որի կազմում հանդես է գալիս մեր հարձակվողը, զիջել է 2։3 հաշվով։
23-ամյա հայ ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում իր նորամուտի խաղում փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին, իսկ 68-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը (2:2)։ Այս հանդիպումից հետո «Տեներիֆեն» վաստակած 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։
🎥 Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել իր նորամուտի խաղում
Հայ հարձակվողի տպավորիչ մեկնարկին հատուկ անդրադարձել է նաև իսպանական հայտնի AS պարբերականը՝ առանձնացնելով նրա դրական խաղը պարտված հանդիպման ֆոնին։
«Կորդոբայում «Տեներիֆեի» կրած պարտության մեջ կային նաև դրական դրվագներ։ Օրինակ՝ վերջապես կայացավ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի նորամուտը թիմի կազմում, ընդ որում՝ այն նշանավորվեց գոլով։ Խաղադաշտ մտնելուց ընդամենը 11 րոպե անց Ռանոսը տուգանային հրապարակից կատարած վստահ հարվածով հաշիվը դարձրեց 2:2»,- գրում է պարբերականը։
Իսպանական աղբյուրը հիշեցնում է, որ նախամրցաշրջանային հատվածի սկզբում ստացած սրունքթաթային հոդի վնասվածքն ապաքինելուց հետո Ռանոսը միայն նախորդ շաբաթ էր վերադարձել հայտացուցակ, իսկ «Նուևո Արկանխել» մարզադաշտում վերջապես նշեց իր նորամուտը իսպանական լիգայում՝ փոխարինելով վնասվածք ստացած Իվան Չապելային։
AS-ի հոդվածում մեջբերվում են նաև «Տեներիֆեի» գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայի խոսքերը հայ ֆուտբոլիստի վերաբերյալ․
«Նա խփեց իր գոլը։ Ռանոսը հենց դրա համար էլ խաղադաշտում է՝ նա պետք է մոտ լինի մրցակցի դարպասին»։
Հիշեցնենք, որ «Տեներիֆեն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Հոկտեմբերի 12-ին՝ տանը մրցելով «Ժիրոնայի» հետ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































