Ընկերական հանդիպումների շրջանակում Արգենտինայի ազգային հավաքականը Կորդովայի «Մարիո Ալբերտո Կեմպես» մարզադաշտում ընդունեց Բոլիվիայի ընտրանուն և խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ։
Նշենք, որ սա Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի առաջին հանդիպումն էր աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից (0-1) հետո:
Արգենտինացիները հաշիվը բացեցին 19-րդ րոպեին. Ալեքսիս Մակ Ալիստերի փոխանցումից հետո աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը: Ընդամենը 10 րոպե անց՝ 29-րդ րոպեին, Նիկո Պասը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Նիկո Պասի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո Քրիստիան Ռոմերոն գլխի հարվածով խփեց արգենտինացիների երրորդ գնդակը: Իսկ հանդիպման վերջնական հաշիվը 86-րդ րոպեին ձևակերպեց փոխարինման դուրս եկած Խոսե Մանուել Լոպեսը: Հատկանշական է, որ հարձակվողի համար սա դեբյուտային գոլն էր ազգային թիմի կազմում:
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չէր մասնակցում այս հանդիպմանը: Ակնկալվում է, որ նա կմասնակցի Բենինի հավաքականի դեմ կայանալիք հրաժեշտի խաղին:
Հավելենք, որ իր հաջորդ հանդիպումը Արգենտինայի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 4-ին՝ մրցելով Բուրկինա Ֆասոյի հետ, իսկ Բոլիվիան հոկտեմբերի 5-ին կհանդիպի Գամբիային:


























































