«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի ռմբարկու Էրլինգ Հալանդը կրկին հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում։ Այս անգամ նա միավորվել է աշխարհահռչակ յութուբեր MrBeast-ի (Ջիմի Դոնալդսոն) հետ՝ վերարտադրելով արհեստական բանականության միջոցով ստեղծված հայտնի մեմը:
Հալանդն ու MrBeast-ը հանդես են եկել կարճամետրաժ տեսանյութում, որը երկուշաբթի օրը տարածվել է յութուբերի սոցիալական էջերում։ «Իմ կյանքի ամենասարսափելի ընթրիքը, Էրլինգ»,- այսպես է մակագրել տեսանյութը MrBeast-ը, որն արդեն հասցրել է միլիոնավոր դիտումներ գրանցել։
Տեսանյութում Հալանդը նստած է ճաշասեղանի շուրջ և ճշգրտությամբ կրկնում է այս տարվա սկզբին վիրուսային դարձած այն կադրերը, որտեղ նա, իբր, անսպասելիորեն նկատում է իր արտացոլանքը հայելու մեջ և կատակերգական սարսափով հետ ցատկում: Այս անգամ, սակայն, նորվեգացին անձամբ է կատարում այդ շարժումները՝ առանց որևէ թվային էֆեկտի։
Այս տեսարանն ուղղակի հղում է հունիսին սոցցանցերում լայնորեն տարածված տեսանյութին: Սկզբում շատերը կարծում էին, թե դա իրական կադրեր են, սակայն ավելի ուշ թվային փորձագետները պարզել էին, որ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով: Իրականում Հալանդի դեմքը տեղադրվել էր չինացի կատակերգուներ Ցզին Լունի և Ցյու Ցյուի օրիգինալ տեսանյութի վրա։
Այժմ ֆուտբոլիստն ու ժամանակակից ամենահայտնի բովանդակություն ստեղծողներից մեկը որոշել են իրականություն դարձնել արհեստական կադրերը։ Սա բուռն արձագանք է գտել երկրպագուների շրջանում:
«Աշխարհի առաջնության լավագույն մեմը»,- գրել է Ինստագրամի օգտատերերից մեկը: «Տղան պաշտոնապես ստեղծեց իր սեփական տարբերակը», «Հալանդը թաքնված կատակերգու է»,- նշել են այլ օգտատերեր:
Այս համագործակցությունը սպասված էր, քանի որ վերջերս Հալանդն արդեն լուսանկարներ էր հրապարակել MrBeast-ի հետ՝ ակնարկելով համատեղ նախագծի մասին։


























































