Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է վրացի ֆուտբոլիստ Անդրիա Բարտիշվիլիի տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելու մասին։ 17-ամյա խաղացողն անգլիական ակումբին կմիանա 2027 թվականի հուլիսին, երբ դառնա չափահաս։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Կոլխեթի-1913»-ին, իսկ ընթացիկ մրցաշրջանը նա վարձավճարով անցկացնում է Վրաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «Իբերիա 1999»-ի կազմում։ Transfermarkt պորտալում նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 1.5 միլիոն եվրո։
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային 3 տուրերից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում։ Իր հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Սանդերլենդին»։




























































