Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է պայքարը Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգրի համար։ Որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում երևանյան թիմը Ռումինիայում ուժերը չափեց տեղի «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ՝ ավարտելով արտագնա բարդ հանդիպումը 1-1 հաշվով։
Հայկական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը խաղից հետո կիսվել է տպավորություններով ու խոսել Երևանում սպասվող վճռորոշ հանդիպման վերաբերյալ ունեցած ակնկալիքների մասին.
«Կարծում եմ՝ լավ հանդիպում անցկացրեցինք: Շատ բարդ դիմակայություն էր, բայց մենք հենց նման խաղի էլ սպասում էինք: Թիմի բոլոր անդամները լավ աշխատեցին, այդ թվում՝ ես: Թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում գործադրեցինք մեր ողջ ներուժը, և կարծում եմ՝ առաջին խաղի համար թիմային աշխատանքը գոհացուցիչ էր:
Երևանյան հանդիպմանը պետք է շատ ավելի լավ պատրաստվենք, քանի որ տեսանք՝ մրցակիցը ֆիզիկապես ամուր թիմ է և ունի բարձրահասակ ֆուտբոլիստներ: Տանը մենք ավելի վճռական կտրամադրվենք, կվերլուծենք մրցակցի ուժեղ կողմերը, կփորձենք առավելագույնս օգտագործել մեր առավելությունները և մեր երկրպագուների աջակցությամբ հասնել դրական արդյունքի»,- նշել է Սերոբյանը։
Հավելենք, որ այս զույգի ճակատագիրը և Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգրի հարցը կվճռվի օգոստոսի 27-ին։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 20:00-ին:
























































