ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Ռումինիայում կմրցի «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։
Խաղից առաջ մեր թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և պաշտպան Հուգո Օլիվեյրան մասնակցել են նախախաղային մամուլի ասուլիսին։
— Հարցս ուղղված է թե՛ Հուգոյին, թե՛ պարոն Տուլիպային: Ձեր կարծիքով՝ վաղվա խաղում արդյո՞ք «Ունիվերսիտատյա Կրայովան» ֆավորիտ է:
— Հուգո Օլիվեյրա. Նման խաղերում ֆավորիտներ չկան: Մենք շատ լավ աշխատանք ենք տարել ու վաղվա խաղը, կարծում եմ, ոչնչով չի տարբերվի մյուսներից։ Եթե կան մարդիկ, որոնք այլ կերպ են կարծում, վաղը դաշտում մենք կփորձենք ապացուցել հակառակը և ցույց տալ, որ արժանի ենք հաղթանակի: Մենք այստեղ ենք՝ փորձելու հաղթել և Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճել:
— Մանուել Տուլիպա. Համաձայն եմ, նման խաղերում ֆավորիտներ չկան։ Վստահ եմ՝ երկու թիմերն էլ լավ նախապատրաստական աշխատանք են տարել։ Ինչպես նշեց Հուգոն, մենք կփորձենք ապացուցել մեր ուժերը և պայքարել լիգայի փուլ անցնելու համար:
— Նախորդ մրցաշրջանում ձեզ հաջողվեց պայքարից դուրս թողնել ռումինական մեկ այլ ակումբի՝ «Կլուժին»: Կարո՞ղ ենք հրաշք համարել, եթե հաջողվի արգելքը հաղթահարել նաև «Ունիվերսիտատյա Կրայովայի» դեպքում, որը մի քանի անգամ ավելի թանկ կազմ ունի:
— Հուգո Օլիվեյրա. Ճիշտն ասած, մենք այդ կերպ չենք մոտենում հարցին, գումարն այստեղ դեր չի խաղում։ Նախորդ տարի մենք հաջողեցինք «Կլուժի» դեմ դիմակայությունում և հիմա էլ նման խաղերի պատրաստ ենք։ Մենք հաջողել ենք «Շեմռոք Ռովերսի» և «Ռիգայի» հետ խաղերում, ցավոք, «Ցելյեի» արգելքը չհաղթահարեցինք, թեև մոտ էինք։ Մենք այս մրցաշարում պայքարում ենք միայն վերջնական հաջողության համար։
— Մանուել Տուլիպա. Դրանք երկու տարբեր պատմություններ են։ Նախորդ տարի «Կլուժի» դեմ խաղում մենք ավելի լավ թիմ էինք, բայց «Կրայովան» ունի այլ որակներ. նրանք ֆիզիկապես ավելի ուժեղ են: Այնուամենայնիվ, նրանք խնդիրներ են ունենում, երբ գնդակով չեն լինում: Մենք պատրաստ ենք այս խաղին, մրցակիցը շատ նման է նրանց, ում նախկինում արդեն դուրս ենք թողել։ Խաղի ընթացքում պետք է փորձենք վերահսկել գնդակն ու չկորցնել մեր ինքնությունը:
— Պարոն Տուլիպա, դուք պորտուգալացի էք, և մրցակցի մարզիչը նույնպես պորտուգալացի է: Կարելի՞ է սա համարել հետաքրքիր պորտուգալական դուել:
— Ֆելիպեն այլ սերնդի մարզիչ է: Ես եղել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բայց մարզչական կարիերաս շատ վաղ եմ սկսել: Նա սկսել է որպես օգնական՝ աշխատելով պորտուգալական ֆուտբոլում հայտնի մարդկանց հետ։ Նա հիանալի աշխատանք է տանում և հաղթել է լիգան: Նրանց խաղաոճն այնքան էլ նման չէ իմինին։ Մենք նախընտրում ենք ավելի շատ գնդակով խաղալ, մինչդեռ նրանք ավելի արագ և ուղղահայաց ֆուտբոլ են խաղում։ Մենք պետք է զգույշ լինենք նրանց գրոհների ժամանակ, բայց ամենակարևորը մեր սեփական ինքնությունը պահպանելն է: Առանց դրա ոչ մի թիմ չի հաղթում:
— Հարցս Հուգոյին է. դուք կարծես «Արարատ-Արմենիայի» Ֆեդերիկո Վալվերդեն լինեք՝ խաղում եք կենտրոնական կիսապաշտպանի, աջ պաշտպանի և եզրայինի դիրքերում։ Որքանո՞վ է նման բազմապրոֆիլ խաղը օգնում ձեզ ավելի արագ ինտեգրվել խաղին:
— Շնորհակալություն համեմատության համար։ Ճիշտն ասած, ես վայելում եմ այն ամենը, ինչ մարզիչն ինձնից պահանջում է։ Երբ ավելի երիտասարդ էի, խաղում էի կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, ուստի ինձ հարմար է խաղալ ցանկացած դերում: Ամենակարևորն ինձ համար թիմին օգնելն է, անկախ նրանից՝ մարզիչն ինձ որ դիրքում կխաղացնի:
— Պարոն Տուլիպա, որակավորման փուլի նախորդ դիմակայություններից ի տարբերություն, այս անգամ առաջին խաղն անցկացնում եք դրսում, իսկ պատասխանը՝ Երևանում։ Որքանո՞վ է դա փոխում նախապատրաստությունը և արդյո՞ք առավելություն է տալիս ձեզ:
— Իհարկե, տարբերություն կա։ Երբ գալիս ես այստեղ ու տեսնում այսպիսի գեղեցիկ ու մեծ ստադիոն, հասկանում ես, որ «Կրայովան» մեծ աջակցություն կունենա երկրպագուների կողմից։ Սակայն մենք խաղին պատրաստվելիս 70-80 տոկոսով կենտրոնանում ենք մեր անելիքների և մեր ինքնության վրա։ Միայն 20 տոկոսն է հատկացվում զուտ մրցակցի դեմ մարտավարական փոփոխություններին։ Մեր գլխավոր նպատակն է վերահսկել խաղը՝ անկախ նրանից, խաղում ենք տանը, թե դրսում։
— Եթե հետ նայենք նախորդ խաղին, երբ Բուենոն ու Սերոբյանն էին աջ եզրից խաղում, նրանց միջև հաճախ մեծ տարածություն էր առաջանում, ինչի պատճառով Սերոբյանը ստիպված էր անընդհատ նահանջել ու պաշտպանվել: Արդյո՞ք դա մարտավարական խնդիր էր, թե՞ հոգնածության հետևանք:
— Լավ հարց է։ Դա կապված է մրցակցին վերլուծելու և նրանց ուժեղ կողմերը չեզոքացնելու հետ: Օրինակ՝ «Ցելյեն» այդ եզրում եռանկյունի էր ձևավորում, և եթե մենք Սերոբյանին կամ այլ խաղացողի ավելի խորը չիջեցնեինք պաշտպանվելու, լուրջ խնդիրներ կունենայինք։ Բնականաբար, երբ վինգերը շատ է իջնում պաշտպանությանն օգնելու, հոգնածությունն ավելի շուտ է ի հայտ գալիս: Երբ ես ինքս ֆուտբոլիստ էի, խաղում էի կիսապաշտպանությունում և միշտ սիրում էի գնդակով լինել: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարողանում են լավ աշխատել գնդակով, և մենք պետք է շնորհակալ լինենք նրանց կատարած հսկայական աշխատանքի համար։ Արթուրը հիանալի խաղ անցկացրեց, և երկրորդ խաղակեսում մենք կարողացանք վերահսկել իրավիճակը: Ունենք հիանալի խաղացողներ, որոնք պատրաստ են բարձր մակարդակի մրցակիցների դեմ ցույց տալ իրենց ուժը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 20-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։



























































