Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացահայտել է իր աչքի տակի կապտուկի գաղտնիքը, որը վերջերս բուռն քննարկումների առիթ էր դարձել սոցիալական ցանցերում։
Օրերս համացանցում տարածվել էին պորտուգալացի մասնագետի նոր լուսանկարները, որոնցում նրա դեմքին նկատելի էր փոքրիկ կապտուկ։ Երկրպագուներն անմիջապես սկսել էին կատակել այս թեմայով՝ առաջ քաշելով մարզչի վնասվածքի տարբեր վարկածներ։
Մասնավորապես, շատերը հիշել էին «սերուցքայինների» ֆուտբոլիստներ Ֆեդե Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև վերջերս տեղի ունեցած վիճաբանությունը՝ կատակով ենթադրելով, թե այս անգամ հարվածը բաժին է հասել անձամբ Մոուրինյուին։ Նախօրեին լրագրողներից մեկն ուղիղ հարցրել է մասնագետին, թե իրականում ինչ է պատահել։
— Տեսնում եմ՝ Ձեր աչքի տակ կապտուկ կա։ Հնարավո՞ր է՝ Չուամենին և Վալվերդեն կրկին կռվել են, և դուք հայտնվել եք նրանց մեջտեղում,- հարցրել է լրագրողը։
«Ո՛չ… խեղճ տղան («Ռեալի» երիտասարդական թիմի խաղացող Դիեգո Լակոստան) պատահաբար գնդակով հարվածեց ինձ, իսկ ես ակնոցով էի։ Բայց հենց այդ պատճառով էլ նա չկար նախորդ խաղի հայտացուցակում (ծիծաղում է),- պատասխանել է պորտուգալացի մասնագետը»։
Հիշեցնենք, որ 63-ամյա Մոուրինյուն Մադրիդի «Ռեալի» ղեկին է վերադարձել ընթացիկ տարվա հունիսին՝ ակումբի հետ կնքելով պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Նա մադրիդյան գրանդը գլխավորել է նաև 2010-ից 2013 թվականներին։


























































