Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում իսրայելական «Հապոել Բեր Շևայից» կրած պարտությունն (0:2) ու մրցաշարից դուրս մնալը լուրջ փոփոխությունների պատճառ են դարձել սերբական «Ցրվենա Զվեզդայում»։ Ըստ սերբական Sportal պարբերականի՝ բելգրադյան ակումբից հեռանալուն ամենամոտ կանգնած ֆուտբոլիստներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանն է։
Եվրագավաթային անհաջողությունից հետո, որին հաջորդեց նաև գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հրաժարականը, «Ցրվենա Զվեզդայի» ղեկավարությունը վերանայել է ակումբի ֆինանսական քաղաքականությունը։ Այժմ սերբական գրանդն այլևս նպատակ չունի ամեն գնով պահել առանցքային խաղացողներին և պատրաստ է քննարկել շահավետ առաջարկներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակից շտապել է օգտվել հունական «Օլիմպիակոսը», որն արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Հունական կողմը երկար ժամանակ է՝ իդեալական տարբերակ է փնտրում պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու համար և հայ ֆուտբոլիստին դիտարկում է որպես մեկնարկային կազմի հիմնական խաղացող՝ չեմպիոնական պայքար մղելու ճանապարհին։
Ներկայումս ակումբների միջև բանակցություններն առաջադեմ փուլում են, և ակնկալվում է, որ վերջնական համաձայնությունը ձեռք կբերվի ամենասեղմ ժամկետներում։ Կողմերի միջև ֆինանսական տարբերությունն ընդամենը մեկ միլիոն եվրո է. «Օլիմպիակոսն» առաջարկում է 5 միլիոն, մինչդեռ սերբական կողմը պահանջում է 6 միլիոն եվրո, ինչը միանգամայն հաղթահարելի արգելք է աթենքյան ակումբի համար։
Նշենք, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել 2025 թվականի հունիսին՝ մոսկովյան «Լոկոմոտիվից»՝ մոտ 2 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանում նա բելգրադյան թիմի հետ դարձել էր Սերբիայի չեմպիոն և գավաթակիր։ Եթե գործարքը կայանա սպասվող 6 միլիոն եվրոյով, ապա «Ցրվենա Զվեզդան» ընդամենը մեկ տարվա ընթացքում եռապատիկ կվերադարձնի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար արված ներդրումը։























































