Արգենտինայի ազգային հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա ավագ Լիոնել Մեսսին որոշել է ժամանակավորապես հրաժարվել պրոֆեսիոնալ պարտականություններից և անորոշ ժամանակով դադարեցնել ելույթներն ակումբում։
Ինչպես հայտնում է Doble Amarilla-ն, ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել հոր՝ Խորխե Մեսսիի մահվան պատճառով։ 68-ամյա տղամարդը մահացել է օգոստոսի 7-ին Ռոսարիոյի կլինիկաներից մեկում՝ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։ Ողբերգական լուրը ստանալուն պես՝ Մեսսին ընդհատել է բոլոր գործերն ԱՄՆ-ում և մեկնել Արգենտինա՝ ընտանիքի կողքին լինելու նպատակով։ Այս պահին ֆուտբոլիստի վերադարձի հստակ ժամկետներ չեն նշվում։
Խորխե Մեսսին անգնահատելի ու առանցքային դեր է ունեցել որդու ֆուտբոլային կարիերայում։ Նա մարզել է այն մանկապատանեկան թիմերը, որտեղ իր առաջին քայլերն է արել Լեոն, հոգացել է աճի հորմոնի դեֆիցիտի բուժման ահռելի ծախսերը և անձամբ կազմակերպել նրա տեղափոխությունը Իսպանիա, ինչի արդյունքում էլ կնքվել է պատմական պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Հետագայում Խորխեն դարձել է որդու գործակալը՝ տնօրինելով նրա պայմանագրային և կարիերայի մյուս կարևոր հարցերը։
Ինչպես տեղեկացնում է Inter Miami News Hub-ը, ակումբում խորը հարգանքով են մոտենում ստեղծված իրավիճակին և չեն պատրաստվում շտապեցնել հարձակվողին։ Հոր հուղարկավորության պատճառով Մեսսին արդեն բաց է թողել Լիգաների գավաթի խաղարկության շրջանակում կայացած «Մոնտերեյի» դեմ հանդիպումը, որտեղ ամերիկյան թիմը պարտվել է 1:2 հաշվով՝ գործնականում զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։ «Ինտեր Մայամիի» կազմում միակ գոլը հեղինակել է արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը՝ իր զորակցությունը հայտնելով ազգային թիմի ավագին։
Օգոստոսի 9-ին Ռոսարիոյում կայացած հուղարկավորությունից հետո հայտնի է դարձել նաև, որ Լիոնել Մեսսին մտադիր է դատի տալ արգենտինացի մի շարք լրագրողների, ովքեր փակ արարողության ժամանակ գաղտնի նկարահանումներ են իրականացրել։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ավարտը։
Լիգաների գավաթի մրցաշարային աղյուսակում «Ինտեր Մայամին» այժմ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Լույս հինգշաբթի՝ օգոստոսի 13-ին, թիմը սեփական հարկի տակ կընդունի «Լեոնին»։




























































