Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում սլովենական «Ցելյեն» սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է հայկական թիմի կամային հաղթանակով՝ 2:1։
Չնայած այն հանգամանքին, որ առաջին խաղում սլովենացիները, հաշվի մեջ առաջ անցնելով, ի վերջո պարտություն կրեցին, պատասխան հանդիպումից առաջ նրանց ճամբարում դրական ու խիստ լավատեսական տրամադրվածություն է: Ավելին՝ նրանք վայելելու են լեփ-լեցուն մարզադաշտի և սեփական երկրպագուների աջակցությունը։
«Մեզ վրա դրական ճնշում կա, քանի որ բոլորս էլ ցանկանում ենք նման հանդիպումների մասնիկը լինել: Վստահ եմ, որ մենք պատմություն ենք կերտելու ակումբի ֆուտբոլիստների, նրանց ընտանիքների, աշխատակիցների, ամբողջ Ցելյե քաղաքի, Սլովենիայի և բոլոր նրանց համար, ում համար ֆուտբոլն այս երկրում նշանակություն ունի:
Մենք շատ լավատես ենք: Խաղը սկսում ենք հաղթելու հստակ առաջադրանքով, ինչը մեզ էլ ավելի «քաղցած» է դարձնում. մենք պետք է խաղադաշտ դուրս գանք առավելագույնս կենտրոնացած ու վճռական։
Որպես թիմ՝ մենք առաջադիմում ենք խաղից խաղ, այդ թվում՝ պաշտպանությունում: Ես կստորագրեի երկու գնդակի տարբերությամբ ցանկացած հաղթանակի տակ՝ լինի դա 4:2, թե 3:1: Պետք է հասուն ֆուտբոլ ցուցադրենք: Գիտենք, որ արագ գոլը կհեշտացներ մեր գործը, բայց պետք չէ մոռանալ, որ խաղը տևում է 90 րոպե»,- խաղից առաջ նշել է «Ցելյեի» գլխավոր մարզիչ Վիտոր Կամպելոսը:
«Ցելյեի» արգելքը հաղթահարելու և ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու դեպքում «Արարատ-Արմենիան» կմրցի «Մյալբի» (Շվեդիա) — «Սլովան» Բրատիսլավա (Սլովակիա) զույգի հաղթողի հետ՝ միաժամանակ երաշխավորելով առնվազն Եվրոպա լիգայի խմբային փուլը:
Հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22։15-ին։



























































