Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» (Սլովենիա) հանդիպումը։
Վճռորոշ դիմակայությունից առաջ հյուրերի եզրային հարձակվող Ռուդի Պոժեգ Վանցաշը կիսվել է իր սպասելիքներով՝ ընդգծելով թիմի մարտական տրամադրվածությունը.
««Մարիբորի» դեմ վերջին խաղի երկրորդ կեսը հիանալի նախապատրաստություն էր Հայաստանում կայանալիք այս կարևորագույն հանդիպումից առաջ։ Համոզված եմ, որ մենք՝ որպես թիմ, ի զորու ենք նման բարձր մակարդակով անցկացնել երկու խաղակես։ Ժամանակն է դա ապացուցել և խաղադաշտում՝ առաջին իսկ րոպեներից, գործել այնպես, ինչպես մենք իրականում կարող ենք:
Ճիշտ է, խաղային գրաֆիկը խիտ է, և վերականգնվելու համար ժամանակը շատ չէ, բայց ոչ մի ֆուտբոլիստ հոգնածություն չի զգա: Բոլորս լավ ենք գիտակցում, թե ինչ է իրենից ենթադրում այս հանդիպումը և ինչ մեծ արժեք ունի այն մեզ համար։ Մենք դաշտում կթողնենք մեր բոլոր ուժերը, և վստահ եմ, որ հիանալի տեսք կունենանք։ Մեզ սպասվում է լավ ու որակյալ մրցակից»,- նշել է Վանցաշը։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» հանդիպման մեկնարկը կտրվի ժամը 20։00-ին։
























































