Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկել Վինիսիուս Ջունիորին։ Ըստ ESPN-ի տեղեկությունների՝ Աշխարհի առաջնությունից հետո ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելով գրեթե մեկ տարի դադարեցված բանակցությունները։
Իսպանական ակումբի առաջարկած ֆինանսական պայմանները փոքր-ինչ բարելավվել են վերջին երկու տարիներին քննարկվող թվերի համեմատ. այժմ Վինին սեղանին ունի տարեկան 22 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ:
Այդուհանդերձ, այս գումարը դեռևս հեռու է բրազիլացու պահանջներից. հարձակվողն ակնկալում է վաստակել տարեկան մոտ 30 միլիոն եվրո։ Նշենք, որ Վինիսիուսն անցկացնում է «Ռեալի» հետ իր գործող պայմանագրի վերջին տարին և այժմ ստանում է տարեկան մոտ 17,5 մլն եվրո։ Եթե նա չերկարաձգի համաձայնագիրը, ապա մրցաշրջանի ավարտին կդառնա ազատ գործակալ և հունվարից կկարողանա նախնական պայմանագիր կնքել ցանկացած այլ ակումբի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն ու իր գործակալները հասկանում են, որ 26 տարեկանում սա լինելու է Վինիի կարիերայի ամենագլխավոր պայմանագիրը։ Այդ իսկ պատճառով նրանք սպասում են, որ ակումբն ըստ արժանվույն կգնահատի այն ամենը, ինչ հարձակվողն արել է «Ռեալի» համար 2018 թվականից ի վեր, ներառյալ՝ Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում խփած գոլերը։
Ստեղծված իրավիճակին ուշի-ուշով հետևում է Լոնդոնի «Արսենալը», որը հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով։ Սակայն մինչ այժմ անգլիական ակումբը որևէ պաշտոնական կապ չի հաստատել ո՛չ «Ռեալի», ո՛չ էլ խաղացողի ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ ESPN-ը հաղորդել էր, որ բանակցությունների վերջնական ձախողման դեպքում «արքայական» ակումբն արդեն դիտարկում է Վինիսիուսին վաճառելու տարբերակը։
Այս պահին կողմերի միջև նոր հանդիպում նախատեսված կամ ծրագրված չէ, իսկ կուլիսներում թե՛ ակումբի, թե՛ ֆուտբոլիստի մոտ մեծ անորոշություն է տիրում։ Այս ամենի ֆոնին երկուշաբթի օրը Վինին ժամանել է Մադրիդի «Վալդեբեբաս» մարզաբազա՝ սկսելով նախապատրաստվել 2026/27 մրցաշրջանին՝ արդեն Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ։
























































