Լոնդոնի «Արսենալը» 2026/27թթ. մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպում անցկացրեց իսպանական «Ժիրոնայի» հետ և վստահ հաղթանակ տոնեց 4:1 հաշվով: Հանդիպումը կայացավ Իսպանիայում՝ «Մոնտիլիվի» մարզադաշտում։
Միկել Արտետայի գլխավորած թիմն անմիջապես տիրեց նախաձեռնությանը և առաջ անցավ հաշվի մեջ 16-րդ րոպեին. 16-ամյա Մաքս Դոումենի հիանալի և ճեղքող փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ և աչքի ընկավ Կայ Հավերցը:
Կես ժամ անց՝ 30-րդ րոպեին, «զինագործների» հույն նորեկ Խրիստոս Ցոլիսը կրկնապատկեց առավելությունը՝ հեռահար գեղեցիկ հարվածով խփելով իր անդրանիկ գոլը լոնդոնյան ակումբի կազմում, իսկ գոլային փոխանցումը կատարեց Ռիկարդո Կալաֆիորին:
Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 50-րդ րոպեին, դաշտի տերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ պաշտպան Արնաու Մարտինեսը: Սակայն ինտրիգը երկար չպահպանվեց. ընդամենը 3 րոպե անց երիտասարդ Մաքս Դոումենը հեռահար շքեղ հարվածով վերականգնեց երկու գնդակի առավելությունը, իսկ 55-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը դրեց հանդիպման վերջակետը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 4:1:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Նշենք, որ «Ժիրոնան», որն այժմ հանդես է գալիս իսպանական Սեգունդայում, իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին՝ ընդունելով «Լեգանեսին»:
Իսկ «Արսենալն» ուղևորվում է Դուբլին, որտեղ արդեն օգոստոսի 5-ին ստուգողական հանդիպում կանցկացնի իսպանական մեկ այլ ակումբի՝ «Բետիսի» հետ:
Դրան կհաջորդեն Emirates Cup-ի շրջանակներում նախատեսված տնային հանդիպումները Դորտմունդի «Բորուսիայի» (օգոստոսի 9) և «Կոմոյի» (օգոստոսի 12) դեմ։ Օգոստոսի 16-ին լոնդոնցիները Անգլիայի Սուպերգավաթի (Community Shield) խաղում կվիճարկեն տիտղոսը «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ օգոստոսի 21-ին Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում կընդունեն լիգայի նորեկ «Քովենթրիին»:



























































