Մադրիդի «Ռեալի» դիրքորոշումը թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագայի վերաբերյալ մնում է կոշտ։
Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի շրջապատին վերջնագիր է ներկայացրել. կա՛մ Վինիսիուսն ընդունում է առաջարկված պայմաններն ու երկարաձգում պայմանագրի ժամկետը, կա՛մ «սերուցքայիններն» այս ամառ կդիտարկեն նրան վաճառելու հնարավորությունը։
«Ռեալն» այլևս չի բարելավելու իր առաջարկը։ «Ստորագրիր կամ հեռացիր»․ մոտավորապես այսպիսին է ակումբի դիրքորոշումը։
Մադրիդում նախկինի պես Վինիսիուսին համարում են առանցքային ֆուտբոլիստ և նախընտրում են շարունակել համագործակցությունը նրա հետ։ Այնուամենայնիվ, «սերուցքայինները» պատրաստ չեն խախտել թիմի ներսում գործող աշխատավարձերի կառուցվածքը և այս հարցում մտադիր չեն հատել կարմիր գիծը։ Այժմ 26-ամյա Վինիսիուսը պետք է վերջնական որոշում կայացնի։




























































