Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է իր թիմի մրցելույթները 2026 թվականի աշխարհի առաջնությունում։
ԱԱ-2026-ում բրազիլացիները հասել էին մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ անակնկալ կերպով 1:2 հաշվով զիջել էին Նորվեգիայի ընտրանուն և լքել պայքարը:
«Կարծում եմ՝ մենք պարտվեցինք աշխարհի առաջնությունում Նորվեգիայի դեմ խաղի ջրի ընդմիջման ժամանակ: Ինչո՞ւ։ Որովհետև մինչ այդ պահը թիմը լիովին վերահսկում էր խաղը։ Նորվեգիան շատ էր տիրում գնդակին իր կիսադաշտում․ նրանք նույն կերպ էին խաղացել նաև Անգլիայի դեմ։ Նրանք վերահսկում էին խաղը և կարող էին հաղթել:
Գուցե իմ սխալն այն էր, որ մտածեցի, թե թիմը կորցրել է վերահսկողությունը, թեև իրականում դա այդպես չէր: Ես մի քանի փոփոխություն կատարեցի կազմում, և հենց այդ ժամանակ մենք խնդիր ունեցանք Էրլինգ Հալանդի գոլի հետ կապված»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Հիշեցնենք, որ նորվեգացիների դեմ հանդիպման 14-րդ րոպեին Բրունո Գիմարայշը չէր իրացրել 11-մետրանոցը: Հալանդն իր առաջին գոլը խփել էր 79-րդ րոպեին, իսկ հիմնական ժամանակի ավարտին՝ 90-րդ րոպեին, դուբլ էր ձևակերպել: Նեյմարին հաջողվել էր կրճատել հաշվի տարբերությունը միայն 90+10-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոց հարվածը:


























































