ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Ռոդրիի հետ՝ «Ռեալից» Յան Դիոմանդեի համար վրեժխնդիր լինելու նպատակով։ Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հստակ հրահանգել է կապ հաստատել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի գործակալի հետ։
Փարիզյան ակումբի նպատակն է վրեժխնդիր լինել Մադրիդի «Ռեալից»՝ «Լայպցիգի» հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերը ձախողելու համար։ Նշվում է, որ մինչ իսպանական գրանդի հետ համաձայնության գալը, իվուարցի վինգերը շատ մոտ էր ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելուն։
Նախորդ մրցաշրջանում Ռոդրին անգլիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt հեղինակավոր պորտալի համաձայն՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։
























































