Մադրիդի «Ռեալը» կարող է բաժանվել թիմի աստղային բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորից, եթե պոտենցիալ գնորդները բավարարեն ակումբի ֆինանսական պահանջները։ Այս մասին հաղորդում է Sport.es պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը պատրաստ է բանակցել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ միայն այն դեպքում, եթե նրա դիմաց առաջարկեն առնվազն 160 միլիոն եվրո։ Հակառակ պարագայում մադրիդցիները մտադիր չեն անգամ երկխոսության մեջ մտնել հավանական գնորդների հետ։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ 26-ամյա բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջ։
























































