Արգենտինայի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռոբերտո Ֆաբիան Այալան դարձել էր Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակչի ավարտից հետո ծագած սկանդալի գլխավոր դեմքերից մեկը։
Իսպանիայից կրած պարտությունից հետո խաղադաշտում զանգվածային քաշքշուկ էր սկսվել, որի ժամանակ Լիոնել Սկալոնիի օգնականը կոպտորեն հրել էր իսպանացիների կիսապաշտպան Դանի Օլմոյին։ Valencia Capital Radio-ի «Esports Migdia» ռադիոծրագրին տված բացառիկ հարցազրույցում Այալան բացատրել է իր արարքն ու անդրադարձել եզրափակչի աղմկահարույց դրվագներին։
ℹ️ Roberto Fabián Ayala en EXCLUSIVA en @esportsvcr: "Cuando termina el partido mi intención era separar pero luego pasaron cosas con las pulsaciones a mil. No es excusa lo que ocurrió y no debí hacerlo. Más fue un empujón que un puñetazo, fue una reacción a unas palabras. Si veo…
— Álex Domínguez (@AlexDominguezTW) July 22, 2026
Արգենտինացի մասնագետը մանրամասնել է, թե ինչ է տեղի ունեցել եզրափակիչ սուլիչից հետո.
«Ես տեսա, որ դաշտի կենտրոնում քաշքշուկ է, և մենք գնացինք մեր ֆուտբոլիստների հետևից, որպեսզի ամեն ինչ նման ավարտ չունենա: Ես պատասխանատվություն եմ կրում իմ արարքի համար. նպատակս պարզապես կողմերին բաժանելն էր և վերջ: Երբեմն էմոցիաներդ գագաթնակետին են հասնում, բայց դա արդարացում չէ: Ես կարևոր պաշտոն եմ զբաղեցնում և իրավունք չունեմ նման կերպ վարվելու՝ անկախ նրանից, թե ինչ կլսեմ իմ հասցեին:
Ինչ վերաբերում է Օլմոյին, ապա դա ավելի շատ հրում էր, քան որևէ այլ բան, այլ ոչ թե բռունցքով հարված, ինչպես փորձում են ներկայացնել: Դա ասված խոսքի արձագանք էր: Եթե տեսնեմ Դանի Օլմոյին, անձամբ ներողություն կխնդրեմ նրանից»:
Այալան նաև դժգոհել է Արգենտինայի հավաքականի հանդեպ վերջին շրջանում ձևավորված տրամադրություններից, սակայն ընդգծել է իր զղջումը կատարվածի համար.
«Չգիտեմ՝ սա հատուկ արշավ է, թե ոչ, բայց վերջերս նկատելի է որոշակի թշնամանք. մարդիկ ուզում են, որ մեր հավաքականի գործերը վատ ընթանան: Այնուամենայնիվ, ես զղջում եմ: Իմ կարգավիճակում ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ դիմացինի խոսքերը կամ զգացմունքները փոխեն իմ տրամադրությունն ու գործողությունները: Բոլորս էլ ունենում ենք ռեակցիաներ, որոնք կարող են դուր չգալ հանրությանը: Պարզապես պետք է կարողանալ ներողություն խնդրել և ընդունել հետևանքները»։
Անդրադառնալով այն դրվագին, երբ Իսպանիայի հավաքականի չեմպիոնական տոնակատարության ժամանակ արգենտինացիները մեջքով էին կանգնել՝ Սկալոնիի օգնականը տվել է հետևյալ պարզաբանումը.
«Հիմա փորձում են ամեն ինչում նեգատիվ փնտրել Արգենտինայի դեմ: Իսպանացի ֆուտբոլիստների կողմից միլիոնավոր ժեստեր եղան, որոնք ոչ ոք ցույց չի տալիս. պետք է իսկական լրագրությամբ զբաղվել: Իրականում, տրիբունաներում խնդիրներ էին առաջացել ֆուտբոլիստների ընտանիքների անդամների հետ, և մենք մոտեցանք նրանց: Քանի որ մեր երկրպագուների մեծ մասն այնտեղ էր, դա նրանց նվիրվածությանը շնորհակալություն հայտնելու մեր միջոցն էր»։

























































