Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կտրականապես հերքելով Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի նկատմամբ հետաքրքրության մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը:
«Արքայական» ակումբի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է.
«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում հայտնված լուրերն առ այն, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով՝ ակումբը ցանկանում է հայտարարել, որ ոչ մի ուղղակի կամ անուղղակի քայլ չի ձեռնարկել նշված ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ և, համապատասխանաբար, մտադիր չէ նման գործարք իրականացնել։
«Ռեալն» իր խորին հարգանքն է տածում Էնցո Ֆերնանդեսի՝ հիանալի ֆուտբոլիստի նկատմամբ, որի կարիերան և վարպետությունը հանրահայտ են, ինչպես նաև «Չելսիի» նկատմամբ, որի հետ մեզ կապում են գերազանց ինստիտուցիոնալ հարաբերություններ։
Հենց այն հարգանքի պատճառով, որին արժանի է «Չելսին», և հավատարիմ մնալով կորպորատիվ օրինապահության սկզբունքներին, որոնք մշտապես ուղեկցել են Մադրիդի «Ռեալի» գործողություններին՝ ակումբն անհրաժեշտ է համարում կտրականապես հերքել իրականությանը չհամապատասխանող և անհիմն շահարկումները։
Մադրիդի «Ռեալը» ցավում է, որ չնայած փաստերի հստակությանն ու ակումբի կողմից որևէ գործողության բացակայությանը, շարունակում են տարածվել իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ։ Դրանք միայն շփոթություն են առաջացնում երկրպագուների շրջանում և անհարկի վնաս հասցնում ներգրավված ակումբներին ու անձանց»։


























































