Մյունխենի «Բավարիայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է նիդերլանդական ՊՍՎ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսմայել Սայբարիի տեղափոխության մասին։
Մարոկկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 50 միլիոն եվրո։ Մյունխենյան թիմի կազմում կիսապաշտպանը հանդես կգա 34 համարի մարզաշապիկով։
«Մանկությանս տարիներին երազում էի պայմանագիր կնքել այնպիսի թիմի հետ, ինչպիսին «Բավարիան» է. չէ՞ որ բոլորը գիտեն՝ սա աշխարհի խոշորագույն ակումբներից մեկն է։ «Բավարիան» ամեն տարի պայքարում է ամենահեղինակավոր գավաթների, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի համար, և ես ցանկանում եմ այստեղ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել։ Ակումբի խաղաոճն ինձ շատ է համապատասխանում։
Տեղափոխվելու իմ որոշման հարցում առանցքային դերակատարում է ունեցել Վենսան Կոմպանին, ուստի անհամբերությամբ եմ սպասում նրա հետ համատեղ աշխատանքին»,- Սայբարիի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ 2025/26 մրցաշրջանում Իսմայել Սայբարին ՊՍՎ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Präzision stimmt. 🫖🇲🇦 pic.twitter.com/fUI8JSEnTw
— FC Bayern München (@FCBayern) July 1, 2026
























































