Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակով է ավարտել ԱՄՆ-ում անցկացված ընկերական հանդիպումը։
Մեր ընտրանին ուժերն է չափել Իռլանդիայի ազգային թիմի հետ և վստահ առավելության հասել 74:59 հաշվով:
Հանդիպումը մեկնարկել է հայ բասկետբոլիստների ակտիվ գործողություններով. տղաներն անմիջապես վերցրել են նախաձեռնությունն ու առաջին քառորդն ավարտել 23:20 հաշվով։ Թեև առաջին խաղակեսում և երրորդ քառորդում խաղահրապարակում բավականին համառ և հավասար պայքար էր ընթանում, մեր հավաքականը կարողացավ պահպանել փոքրիկ առավելությունը:
Ամեն ինչ իր տեղն ընկավ վճռորոշ՝ չորրորդ քառորդում։ Հայաստանի հավաքականը պաշտպանությունում անթերի գործեց՝ պարզապես շնչելու հնարավորություն չտալով մրցակցին։ Վերջին տասը րոպեների ընթացքում իռլանդացիները կարողացան վաստակել ընդամենը 9 միավոր, ինչն էլ հանգեցրեց մեր հավաքականի տրամաբանական և վստահ հաղթանակին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը, ում ակտիվում կա 14 միավոր, 3 անդրադարձ և 2 արդյունավետ փոխանցում։
Այս կարևոր ստուգատեսից հետո Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է պաշտոնական մրցելույթներին: Արդեն հուլիսի 2-ին մեր ընտրանին «Եվրոբասկետ-2029»-ի նախընտրական փուլի շրջանակում կմրցի Նորվեգիայի հավաքականի դեմ։




























































