«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը կիսվել է կարծիքով այն մասին, թե ինչպիսի հարձակվող պետք է փնտրի կատալոնական ակումբը։
«Հաշվի առնելով, թե ինչպես է այսօր խաղում «Բարսելոնան», կարծում եմ՝ նրանց պետք է այնպիսի հարձակվող, ինչպիսին Լևանդովսկին էր։ Ընդ որում, նա պետք է կարողանա կատարել նաև այն սևագործ աշխատանքը, ինչ անում է Ֆեռան Տոռեսը։
Սակայն գալ «Բարսելոնա» և միանգամից լավագույն կողմերով դրսևորել քեզ՝ շատ բարդ է։ Առաջին իսկ խաղերում գոլեր խփելով՝ դու անմիջապես բարձր նշաձող ես սահմանում, և քեզնից մշտապես բարձր արդյունավետություն են ակնկալելու։
Կարծում եմ՝ կան շատ հարձակվողներ, որոնք կարող են իրենց լավագույնս դրսևորել այստեղ։ Կտեսնենք, թե ինչ կլինի աշխարհի առաջնությունից հետո», — Սուարեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» փնտրում է Ռոբերտ Լևանդովսկուն երկարաժամկետ փոխարինողի. լեհ հարձակվողը հեռացել է ակումբից նախորդ մրցաշրջանի ավարտին։
«Կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է համարվել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։


























































