ՖԻՖԱ-ն դադարեցրել է Նեպալի ֆուտբոլի ասոցիացիայի (ANFA) անդամակցությունը՝ ազգային հավաքականին և երկրի ակումբներին զրկելով միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Այս մասին հայտնում է The Himalayan Times-ը։
Որոշման պատճառը, ըստ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մաթիաս Գրաֆստրյոմի նամակի, ազգային սպորտի խորհրդի (NSC) կողմից կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտումն է, ինչպես նաև կողմերի միջև չլուծված տարաձայնությունները ANFA-ի ընտրական գործընթացի և երրորդ կողմի միջամտության վերաբերյալ։
Անդամակցության կասեցման հետևանքով ANFA-ն կորցնում է ՖԻՖԱ-ի անդամի բոլոր իրավունքները։ Ասոցիացիան և նրա ներկայացուցիչներն այլևս չեն կարող մասնակցել ՖԻՖԱ-ի և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) զարգացման ծրագրերին, դասընթացներին ու մարզումներին։
ՖԻՖԱ-ն ներկայացրել է անդամակցության վերականգնման երկու պայման. առաջինը՝ ամբողջությամբ չեղարկել NSC-ի մարտի 25-ի որոշումը, որով երեք ամսով կասեցվել էր ANFA-ի գործադիր կոմիտեի գործունեությունը, երկրորդը՝ թույլ տալ ասոցիացիային ավարտել արդեն մեկնարկած ընտրական գործընթացը՝ սեփական կանոնադրությանը համապատասխան։
ՖԻՖԱ-ն նշել է, որ սահմանված պատժամիջոցները կմնան ուժի մեջ մինչև հետագա ծանուցումը։


























































