Մադրիդի «Ռեալի» 29-ամյա կիսապաշտպան Դանի Սեբալյոսը չի պատրաստվում մոտ ապագայում հեռանալ իսպանական գրանդից։
«Սերուցքայիններն» այլևս հույսեր չեն կապում ֆուտբոլիստի հետ և ցանկանում են համաձայնության գալ նրա հետ պայմանագրի վաղաժամկետ լուծարման շուրջ, սակայն այս տարբերակը կիսապաշտպանին բնավ չի գոհացնում։ Ինչպես հաղորդում է El Chiringuito հարթակը, Սեբալյոսը մտադիր չէ համաձայնություն տալ համագործակցության դադարեցմանը։ Խաղացողի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
Հիշեցնենք, որ Դանի Սեբալյոսն «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2017 թվականից։ Ավարտված մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում միասին դաշտ է դուրս եկել ընդամենը 23 հանդիպումներում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։


























































