Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է Ֆրանսիայի ազգային հավաքականում Մյունխենի «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեի հետ խաղալու տպավորություններով։
«Իմ կապն Օլիսեի հետ խաղադաշտո՞ւմ. նրա հետ խաղալը շատ հեշտ է: Նա ամեն ինչ պարզեցնում է՝ գլուխը բարձր խաղալով: Մայքլը միշտ նկատում է իմ տեղաշարժերը խաղադաշտում: Ինձ շատ է դուր գալիս Օլիսեի հետ հանդես գալը. նրա հետ նույն թիմում խաղալը վայելք է»,- ֆրանսիացի աստղի խոսքերն են մեջբերում մարզական պարբերականները:
Հիշեցնենք, որ Մայքլ Օլիսեն Ֆրանսիայի ազգային հավաքականի գույները պաշտպանում է 2024 թվականից: Ընդհանուր առմամբ վինգերը «եռագույնների» կազմում հասցրել է անցկացնել 19 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ:
Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեին, ապա նա գլխավոր թիմում հանդես է գալիս 2017 թվականից: Այս ընթացքում հարձակվողն ազգային հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 100 հանդիպում և խփել տպավորիչ 60 գնդակ՝ դառնալով ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
























































