Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին: Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին ժամերին մադրիդյան ակումբը որոշում է կայացրել բանակցություններ սկսել «ազնվականների» հետ՝ 25-ամյա արգենտինացու տրանսֆերի շուրջ։
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «արքայական» ակումբում հասկացել են, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեի տրանսֆերն անհնար է, իսկ «Վեսթ Հեմի» խաղացող Մատեուշ Ֆերնանդեշը նախընտրում է տեղափոխվել այլ ակումբ։
Նշվում է, որ «Ռեալում» դիտարկել են նաև ֆրանսիական «Լիլից» Այուբ Բուադիի և Դորտմունդի «Բորուսիայից» Ֆելիքս Նմեչայի տարբերակները։ Սակայն Ֆերնանդեսի օգտին առանցքային գործոն է դարձել հենց ֆուտբոլիստի՝ Մադրիդ տեղափոխվելու մեծ ցանկությունը։
Հիշեցնենք, որ Ֆերնանդեսը «Չելսիի» գույները պաշտպանում է 2023 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը արգենտինացու տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 90 միլիոն եվրո։



























































