Մադրիդի «Ռեալը» լրջորեն դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխության հնարավորությունը. այս մասին հայտնում է TRT Spor-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է այս ամռանը հարձակման գծի աղմկոտ ու տպավորիչ տրանսֆեր իրականացնել:
Ակումբն արդեն հասցրել է ուսումնասիրել մի քանի հեռանկարային թեկնածուների, և ֆրանսիացի վինգերը նշված ցուցակի գերակա տարբերակներից մեկն է: Նշվում է, որ Դեմբելեին ձեռք բերելու համար մադրիդցիները կարող են վաճառել Բրահիմ Դիասին, որի հեռանալու հավանականությունն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բավականին մեծ է:
Ֆրանսիացու գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
Հատկանշական է, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «սերուցքայինները» դադարեցրել են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու բոլոր փորձերը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի մարզաշապիկով բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ավելին, ֆուտբոլիստն այս պահին հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի գլխավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը:























































