Կատալոնական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Բարսելոնայի քաղաքային խորհրդի և Կատալոնիայի կառավարության հետ համատեղ, Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի աջակցությամբ, պաշտոնական հայտ է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի 2029 թվականի եզրափակիչի հանդիպումը «Կամպ Նոու» մարզադաշտում անցկացնելու նպատակով։
Ակումբի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Այս հայտը վերահաստատում է Բարսելոնայի՝ խոշոր միջազգային միջոցառումներ հյուրընկալելու հարուստ փորձը, իսկ լայնամասշտաբ վերակառուցվող «Սպոթիֆայ Կամպ Նոուն» ներկայացնում է որպես համաշխարհային մակարդակի նորարարական մարզադաշտ։ ՈւԵՖԱ-ի կողմից պատմականորեն բարձրագույն կարգի արժանացած և Եվրոպայի ամենատարողունակ մարզադաշտը, անցնելով գլոբալ արդիականացման փուլ, ունի բոլոր անհրաժեշտ որակները՝ դառնալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչի իդեալական թատերաբեմ։ Ակումբն ու նախագծին մասնակցող կառույցներն այժմ սպասում են ՈւԵՖԱ-ի վերջնական որոշմանը, որի մասին պաշտոնապես կհայտարարվի ընթացիկ տարվա վերջին եռամսյակում», — ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Կամպ Նոուն» նախկինում արդեն երկու անգամ ընդունել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումները։ 1989 թվականին գլխավոր եվրագավաթը նվաճել էր իտալական «Միլանը», իսկ 1999-ին՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ մարզադաշտում։
Ինչ վերաբերում է եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի վերջին եզրափակիչին, ապա այնտեղ Լուիս Էնրիկեի գլխավորած ՊՍԺ-ն հաղթանակ էր տոնել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ (1-1, 4-3՝ 11-մետրանոցներով) Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։




























































