Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել համաքաղաքային «Ատլետիկոյին»՝ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար, սակայն մերժում է ստացել:
«Արքայական» ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջարկն արվել է տնօրենների խորհրդի նիստի արդյունքներով։
«Ուսումնասիրելով և գնահատելով երկու ակումբների միջև առկա լավ հարաբերությունների շրջանակում արված առաջարկը՝ «Ատլետիկոն» շնորհակալություն է հայտնել և մերժել այն՝ վկայակոչելով ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագնի չափը»,- նշված է «Ռեալի» հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ դեռ անցած շաբաթ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, թե երեքշաբթի՝ հունիսի 9-ին, 150 մլն եվրոյի առաջարկ է անելու անունը գաղտնի պահվող ֆուտբոլիստի համար։ Սակայն գործարքը տեղի չի ունեցել խիստ ֆինանսական տարբերության պատճառով. Ալվարեսի տրանսֆերային հրաժարագինը կազմում է 500 մլն եվրո:
«Ռեալի» հայտարարությունն անարձագանք չի մնացել «Ատլետիկոյի» կողմից: X սոցիալական ցանցի իր էջում «մատրասնիկները» «սերուցքայինների»՝ Ալվարեսին գնելու անհաջող փորձին արձագանքել են բավականին յուրօրինակ կերպով՝ հրապարակելով միայն հինգ ծիծաղող էմոջիներ (😂😂😂😂😂):
























































