Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատասխանել է այն հարցին, թե ժամանակին հնարավո՞ր էր արդյոք ակումբ հրավիրել Լիոնել Մեսսիին, որպեսզի արգենտինացին խաղար Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում։
«Ես շատ կցանկանայի, որ դա տեղի ունենար, բայց դա անհնար էր, քանի որ Մեսսին հանդես էր գալիս «Բարսելոնայում», և կատալոնական ակումբը երբեք բաց չէր թողնի նրան։ Դա կարող էր ստացվել միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստն ինքը նախաձեռնություն ցուցաբերեր հեռանալու հարցում, ինչպես դա արեց Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդում»։ Սակայն Մեսսին երջանիկ էր իր ակումբում, ուստի նման հնարավորություն պարզապես չկար։ Ափսոս, քանի որ աշխարհի երկու լավագույն խաղացողներին մեկ թիմում միավորելը ֆանտաստիկ կլիներ»,- նշել է Կալդերոնը A Bola պարբերականին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «արքայական» ակումբի գույները պաշտպանել է 2009-ից մինչև 2018 թվականը։
























































