Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես հաստատել է, որ շուտով կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 79-ամյա Ֆլորենտինո Պերեսը հաղթանակ տարավ ակումբի նախագահական ընտրություններում։
Նախապես խոստացվածի պես, Պերեսի հաղթանակի դեպքում «արքայական» ակումբի ղեկը պետք է ստանձներ հենց պորտուգալացին։ Արձագանքելով ընտրությունների արդյունքներին՝ Մոուրինյուն հաստատել է շրջանառվող լուրերը.
«Այո, Ֆլորենտինո Պերեսը հաղթեց։ Եվ իհարկե, ես կլինեմ «Ռեալի» մարզիչը»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն և Madrid Universal-ը։
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Մոուրինյուն կլքի Լիսաբոնի «Բենֆիկան» և պաշտոնապես կնշանակվի «սերուցքայինների» գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ «Հատուկը» արդեն գլխավորել է մադրիդյան գրանդը 2010-ից 2013 թվականներին։
«Ռեալի» երկրպագուներին ևս մեկ անակնկալ է սպասվում. Մոուրինյուի հետ Մադրիդ կվերադառնա ակումբի լեգենդար նախկին պաշտպան Պեպեն։
Ըստ լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնի տեղեկությունների՝ 43-ամյա պորտուգալացին, ով խաղակոշիկները կախել է մեխից ընդամենը երկու տարի առաջ, կդառնա Մոուրինյուի օգնականներից մեկը։ Հիշեցնենք, որ Պեպեն հանդես է եկել «Ռեալում» 2007-ից 2017 թվականներին՝ դառնալով ակումբի պատմության ամենանշանավոր պաշտպաններից մեկը, իսկ նրա կարիերայի վերջին կանգառը եղել է պորտուգալական «Պորտուն»։
Բացի նոր մարզչական շտաբից, հայտնի է դարձել նաև նոր համալրումների մասին: Վերընտրված նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն իսկ հայտարարել է պաշտպանության գծի ամրապնդմանն ուղղված երկու կարևոր տրանսֆերի մասին.
- Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ»)
- Դենզել Դումֆրիս (Միլանի «Ինտեր»)
Այս փոփոխությունները խոստանում են նոր շունչ հաղորդել մադրիդյան թիմին՝ նպատակ ունենալով վերադարձնել կորցրած տիտղոսներն արդեն գալիք մրցաշրջանում:
























































