Մադրիդի «Ռեալի» ավագ Դանիել Կարվախալն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, մադրիդյան ակումբը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը 34-ամյա ֆուտբոլիստի հետ, ուստի նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Սպասվում է, որ իսպանացի պաշտպանը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «արքայական» ակումբի երկրպագուներին հրաժեշտ կտա մայիսի 24-ին։ Այդ օրը, Իսպանիայի առաջնության եզրափակիչ տուրի շրջանակներում, «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի Բիլբաոյի «Ատլետիկին»:
Հիշեցնենք, որ Կարվախալը մադրիդյան թիմի կազմը համալրել է 2013 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով:
Նշվում է նաև, որ արդեն այսօր՝ մայիսի 3-ին, «Ռեալը» կարող է վերջնականապես կորցնել Լա լիգայի ոսկե մեդալները նվաճելու տեսական հնարավորությունը: Եթե Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը չկարողանա հաղթել «Էսպանյոլին», ապա Իսպանիայի չեմպիոնական տիտղոսը ժամկետից շուտ բաժին կհասնի կատալոնական «Բարսելոնային»:


























































