Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ժոզե Մոուրինյուին համարում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածու։ Այս մասին հայտնում է հեղինակավոր The Athletic պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նոր մարզչի ընտրության հարցում առանցքային դերը պատկանում է անձամբ Պերեսին, ով ցանկանում է վերակառուցել ակումբային նախագիծը։ Նախագահը Մոուրինյուի վերադարձի գլխավոր կողմնակիցն է, սակայն ղեկավարության որոշ այլ անդամներ դեմ են այս տարբերակին։
Նյութում նաև նշվում է, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Կառլո Անչելոտիին փոխարինողին ընտրել էր «Ռեալի» գլխավոր մենեջեր Խոսե Անխել Սանչեսը, թեև այն ժամանակ Պերեսն աջակցում էր Խաբի Ալոնսոյի թեկնածությանը։
Հիշեցնենք, որ Ալվարո Արբելոան մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է այս տարվա հունվարին՝ փոխարինելով Ալոնսոյին։ Այս պահին «արքայական ակումբը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 11 միավորով։
Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինյուն, ապա պորտուգալացի մասնագետը, ով ներկայումս գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան», «Ռեալում» արդեն աշխատելու փորձ ունի՝ մարզելով թիմը 2010-ից 2013 թվականներին։

























































