«Բարսելոնայում» վստահ չեն, որ կկարողանան թիմում պահել «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով հանդես եկող եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Ստեղծված իրավիճակում կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն սկսել է այլ տարբերակներ ուսումնասիրել։ Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» ուշադրության կենտրոնում է հայտնվել ակումբի նախկին սան, «Բետիսի» մարոկկացի ֆուտբոլիստ Աբդե Էզալզուլին։ Բացի այդ, «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լիսաբոնի «Բենֆիկայի» եզրային հարձակվող Անդրեաս Շելդերուպի նկատմամբ։
Ընդգծվում է, որ Դեկուն իր ծրագրերում չի դիտարկում իսպանացի հարձակվող Անսու Ֆատիին, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում»։ Ամենայն հավանականությամբ, մոնեգասկները կգնեն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։ Վերջնական որոշում կայացնելուց առաջ Դեկուն մտադիր է մանրամասն գնահատել ակումբի ֆինանսական դրությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Ռեշֆորդը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։




























































