«Բարսելոնան» նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպմանը: Երկուշաբթի կայացած մարզման ժամանակ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին արդեն իսկ դժգոհություն էր հայտնել «Մետրոպոլիտանո» մարզադաշտի խոտածածկի որակից:
Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, կատալոնական ակումբը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով պաշտոնապես ստուգել մրցասպարեզի խոտածածկի որակը, քանի որ կարծում է, որ խոտը չափազանց բարձր է: «Ատլետիկոյից» արձագանքել են այս դժգոհություններին՝ վստահեցնելով, որ խոտածածկը նորմալ վիճակում է և ունի նույն բարձրությունը, ինչ նախկինում:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն էր կրել, և այժմ կատալոնացիների առջև խնդիր է դրված հետ բերել երկու գնդակի տարբերությունը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ատլետիկո Մադրիդ» — «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 14-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

























































