Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հատուկ ռազմավարություն է մշակել «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի դեմ՝ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի առաջին խաղի համար։ Այս մասին հայտնում է իսպանական կատալոնական Sport.es պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի մասնագետն իր ֆուտբոլիստներին հրահանգել է ամեն կերպ սադրել Յամալին, որպեսզի վերջինս դեղին քարտ ստանա։ Բանն այն է, որ քառորդ եզրափակիչի առաջին խաղում ստացած զգուշացումը 18-ամյա ֆուտբոլիստի համար կդառնա հինգերորդն ընթացիկ ՉԼ-ում, ինչի հետևանքով նա որակազրկման պատճառով ստիպված կլինի բաց թողնել պատասխան հանդիպումը։
Նշվում է, որ «Ատլետիկոյի» մարտավարությունը ներառում է ինտենսիվ անհատական հսկողություն, վաղ մարտավարական խախտումներ եզրերում և հոգեբանական ճնշում մադրիդյան թիմի փորձառու խաղացողների կողմից։
Լամին Յամալը կատալոնական ակումբի սան է և գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ 2025/26 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 21 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև ՉԼ քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան խաղը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 14-ին։


























































