Ամերիկացի անվանի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կուրտ Էնգլը բարձր է գնահատել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի ըմբշամարտի հմտությունները։
Օրերս ԱՄՆ-ի Տամպա քաղաքում կայացած «RAF 07» մրցաշարում Ծառուկյանը մրցագորգ դուրս եկավ և 9-3 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ամերիկացի Ջորջո Պուլլասի նկատմամբ՝ ռևանշ-գոտեմարտում։ Այս հաղթանակից հետո Էնգլը կիսվել է իր տպավորություններով․
«Արման Ծառուկյանը պարզապես ֆանտաստիկ մարզիկ է։ Նա բառացիորեն կարող էր մասնակցել Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարին և այնտեղ բավականին պատվով հանդես գալ»,- նշել է օլիմպիական չեմպիոնը «The Schmo»-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 8-ին Սան Պաուլոյում կայանալիք Hype Brazil մրցաշարում։ Երեկոյի գլխավոր իրադարձության շրջանակում նա կպաշտպանի գրեփլինգի չեմպիոնական գոտին ամերիկացի Դիլոն Դենիսի դեմ գոտեմարտում։



























































