Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպմանը հարցականի տակ է։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը, ֆուտբոլիստը ձախ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով այսօր՝ փետրվարի 24-ին ստիպված է եղել կիսատ թողնել թիմի մարզումը։
«Արքայական» ակումբը պորտուգալական թիմին սեփական հարկի տակ կհյուրընկալի չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին։ Չի բացառվում, որ ֆրանսիացին ստիպված լինի բաց թողնել այս կարևորագույն դիմակայությունը։ Նշենք, որ դեռևս նախորդ շաբաթ Ալվարո Արբելոան հայտնել էր, որ վնասված ծունկը շարունակում է անհանգստացնել Մբապեին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին արտագնա խաղում մադրիդցիներն առավելության էին հասել նվազագույն՝ 1:0 հաշվով։





















































