Թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության անցկացման վայրը կարող է փոխվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Իսպանական Marca պարբերականը գրում է, որ Մեծ սաղավարտի ամերիկյան մրցաշարը կարող է Նյու Յորքի USTA Billie Jean King կենտրոնից տեղափոխվի Կալիֆորնիայի Ինդիան Ուելս քաղաք, որտեղ ամեն տարի ընթանում է BNP Paribas Open մրցաշարը՝ Մասթերս 1000 շարքի տարվա առաջին մրցաշարը։
Ինդիան Ուելսը այս տարի թենիսի առաջին մրցաշարն էր, որը չեղարկվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ US Open-ը Նյու Յորքում անցկացնելը գրեթե անհավանական է թվում, քանի որ կորոնավիրուսի վարակի էպիկենտրոնը Միացյալ Նահանգներում հենց Նյու Յորքն է։
Flushing Meadows-ի կորտերը այս օրերին օգտագործվում են՝ որպես հիվանդանոց։
US Open-ը նախատեսված է օգոստոսի 24-ից սեպտեմբերի 13-ը։