Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Մոսկվայում ընթանում է ACBJJ 20 մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը լինելու է բրազիլական ջիու-ջիցուի կանոններով անցկացվող գոտեմարտը, որում ուժերն են չափելու Արման Ծառուկյանը և Մեհդի Բայդուլաևը։
Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել սույն թվականի նոյեմբերին Դոհայում (Կատար) կայացած UFC Fight Night 265 մրցաշարում՝ մենամարտելով Դեն Հուկերի դեմ։ Այդ դիմակայությունն ավարտվել է Արմանի հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքի շնորհիվ։ Նրա ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։
Իսկ ահա Բայդուլաևն իր վերջին մենամարտն անցկացրել է հուլիսին՝ ACA 189 մրցաշարի շրջանակում մրցելով Մարկոս Ռոդրիգեսի դեմ։ Այդ մարտում Մեհդին հաղթանակի է հասել մրցավարների միաձայն որոշմամբ։ Նրա հաշվին կա 19 հաղթանակ և 2 պարտություն։
Գոտեմարտի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ից հետո։ Օրվա շրջանակում պետք է կայանա 27 գոտեմարտ, ներկա պահին անցկացվել է 21 գոտեմարտ։
Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարը հագեցած է դիտարժան դիմակայություններով, ցավեցնող հնարքներով և տիտղոսային մենամարտերով։ Ստորև ներկայացված են առանցքային արդյունքները․
Հայ մարզիկի հաջողությունը
- Մրցաշարը բացեց Դավիթ Մգոյանի և Կանտեմիր Շիբզուխովի դիմակայությունը (մարտական ջիու-ջիցու, 75 կգ)։ Մգոյանը տոտալ վերահսկողություն ուներ գոտեմարտի ընթացքում և վերջին րոպեին «կիմուրա» հնարքով ստիպեց մրցակցին հանձնվել։
Տիտղոսային գոտեմարտեր
- Գաիրբեգ Իբրագիմովը խեղդող հնարքով հաղթեց լեհ Կամիլ Վիլկին և նվաճեց չեմպիոնական գոտին (65 կգ, no-gi):
- Բրազիլացի Ֆելիպե Կոստան կայծակնային հաղթանակ տարավ Այուբ Գուդանատովի նկատմամբ՝ կիրառելով ոտքի ցավեցնող հնարք (95 կգ, no-gi):
- Ջոնաթաս Գրեյսին լարված պայքարում և մրցավարական որոշմամբ առավելության հասավ Դիեգո Սոդրեի նկատմամբ՝ դառնալով չեմպիոն (75 կգ, gi):
Այլ ուշագրավ արդյունքներ
-
- Մուրադ Աբդուլատիպովը «Պարֆյումերների» պայքարում «կիմուրա» հնարքով հաղթեց Շամիլ Ռամազանովին։
- Միրի Սադիգովը արյունալի մարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Ինալ Էթլեշևին։
- Ալի Կուրժևը մեկնարկային վայրկյաններին ոտքի ցավեցնող հնարքով հաղթեց Իսլամ Յանարսանովին։
- Գուստավո Բատիստան քամբեք կատարեց Ալիբի Օրազբեկի դեմ գոտեմարտում՝ վերջին վայրկյաններին վաստակելով հաղթական միավորը։
- Արբի Ախմադովը հարվածային ակտիվ տեխնիկայի շնորհիվ պարտության մատնեց Իսլամ Իբրագիմովին։
- Մյուս զույգերում հաղթանակներ տոնեցին՝ Ումար Սապարբաևը, Մուհամմադ Շահբանովը, Իսլամ Մամիլովը, Նիկոլայ Վետրովը, Էլդար Սաիդովը, Անտոն Դմիտրակովը, Մագոմեդ Ջարբաևը, Ումար Տրամովը և Կամիլ Հուսեյնովը։
- Աբդուլմանապ Նուրմագոմեդովի սան Ռաշիդ Վագաբովը մրցել է UFC-ի թեթևագույն քաշային կարգի 6-րդ համար Ամիր Ալբազիի հետ (65 կգ, no-gi)։ Թեև գոտեմարտի ընթացքում Վագաբովն ուներ դիրքային առավելություն և վերահսկում էր մրցակցին, Ալբազին ավելի վտանգավոր էր գործում՝ անընդհատ փորձելով կիրառել ցավեցնող հնարքներ։ Հենց հնարքների («կիմուրա» և ոտնաթաթի ոլորում) փորձերի համար ստացած միավորների շնորհիվ էլ Ալբազին հաղթանակ է տոնել 2:0 հաշվով։
- Իսմագուլովը պարտվել է Տիբաուին՝ ստանալով ծնկի ծանր վնասվածք։ ACBJJ 20 մրցաշարի շրջանակում Դամիր Իսմագուլովի և Գլեյսոն Տիբաուի միջև կայացած գոտեմարտն ավարտվել է դրամատիկ ելքով։ Տիբաուի կատարած թեյքդաունի (գետնին տապալում) ժամանակ Իսմագուլովը ծնկի լուրջ վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել պայքարը։ Մարզիկին մրցասպարեզից դուրս են բերել պատգարակով։


























































