Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները չեն կարողացել լոգանք ընդունել Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում՝ տաք ջրի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ այս իրավիճակը զարմացրել է ինչպես խաղացողներին, այնպես էլ թիմի անձնակազմին։ «Ատլետիկոն» մարզման երկրորդ կեսն անցկացրել է անձրևի տակ և կարողացել է լոգանք ընդունել միայն հյուրանոց ժամանելուց հետո։
Մադրիդյան թիմը դեռ մարզադաշտ ժամանելու պահին է տեղեկացրել «Արսենալի» պաշտոնյաներին տաք ջրի բացակայության մասին, սակայն խնդիրը այդպես էլ չի լուծվել։
Այնուհետև «Ատլետիկոն» պաշտոնական բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ հայտարարելով, որ Չեմպիոնների լիգայի խաղերն ընդունող մարզադաշտերը չպետք է ունենան նման խնդիրներ։
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկու տուրերից հետո «Արսենալը» ունի 6 միավոր, իսկ «Ատլետիկոն»՝ 3։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։




























































