Պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը գրեթե լքել էր թիմը տրանսֆերային պատուհանի վերջին օրը, հայտնում է A Bola-ն։
Հույն ֆուտբոլիստի պայմանագրում ներառված է 100 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, և վերջին պահին ակումբ, որի անունը չի նշվում, ցանկացել է ակտիվացնել այդ կետը։
«Առաջարկ եղել էր, բայց ես դրա մասին մանրամասները հայտնելը կթողնեմ նախագահին, նա կպատմի, եթե ցանկանա։ Այն նշանակալի էր, մենք կարող էինք իրականացնել այս ամռան ամենամեծ վաճառքը։ Սակայն վերջին օրը դա իմաստ չուներ»,- հայտարարել է «Բենֆիկայի» ֆինանսական տնօրեն Նունու Կատարինուն։
Անցած մրցաշրջանում 26-ամյա Պավլիդիսը «արծիվների» կազմում անցկացրած 57 խաղում խփել է 30 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը հույն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։




























































